Թթենու մետաքսագործ - Վիքիպեդիա Jump to content

Թթենու մետաքսագործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերամ
Շերամ
Շերամ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Bombycidae
Ցեղ Bombyx
Տեսակ Շերամ (B. mori)
Միջազգային անվանում
Bombyx mori

Թթենու մետաքսագործ[1][2], կերպասագործ, շերամ[3] (լատին․՝ Bombyx mori), իսկական մետաքսագործների (Bombycidae) ընտանիքի թիթեռ, որն ունի տնտեսական մեծ նշանակություն և մետաքսի հիմնական արտադրողն է։ Ընտելացվել է մեր թվարկությունից 3000 տարի առաջ Չինաստանում[4], որտեղից էլ շերամապահությունը տարածվել է Հնդկաստանում, Կորեայում, Ճապոնիայում և Արևմուտքում։ Ընտանի մետաքսագործի ամենամոտ տեսակը և հավանաբար նրա նախնին՝ վայրի մետաքսագործը, բնակվում է Արևելյան Ասիայում, Չինաստանի հյուսիսում և Ռուսաստանի հեռավորարևելյան տարածքներում[5][6]։ Ընտանի շերամորդը, ամենայն հավանականությամբ, սերում է չինական շերամորդից, ոչ թե ճապոնական կամ կորեական[7][8]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսագործը բավական խոշոր թիթեռ է, որի թևերի բացվածքը 40-60 մմ է։ Թևերն ունեն կեղտոտ սպիտակ գունավորում՝ գորշ դարչնագույն խայտերով։ Առջևի թևն ունեն կտրվածք արտաքին եզրում։ Արուների բեղիկները խիստ արտահայտված սանրավոր են, էգերինը՝ սանրավոր։ Թիթեռները գործնականում կորցրել են թռչելու ունակությունը․ հատկապես քիչ շարժուն կենսակերպ են վարում էգերը։ Թիթեռներն ունեն թերզարգացած բերանային ապարատ և իրենց կյանքի ընթացքում չեն սնվում (աֆագիա)։

Թթենու մետաքսագործի առանձին տեսակներ մեկ տարվա մեջ կարող են տալ մեկ, երկու կամ բազմաթիվ սերունդներ։

Բեղմնավորումից հետո էգը ձվադրում է (միջինը դնում է 500-700 ձու) այսպես կոչված գրենայում։ Վերջինս ունի ձվաձև տեսք և կողքերից տափակացած է, իսկ մի բևեռում ավելի հաստ։ Գրենան ունի շուրջ 1 մմ երկարություն և 0,5 մմ լայնութոյւն, բայց տարբեր տեսակների մոտ այն զգալիորեն տարբերվում է, օրինակ՝ եվրոպական, փոքրասիական, միջինասիական ու պարսկական մետաքսագործները տալիս են ավելի մեծ գրենա, քան չինականներն ու ճապոնականները։ Ձվադրումը կարող է շարունակվել մինչև երեք օր։ Դիապաուզան թթենու մետաքսագործի մոտ տեղի է ունենում ձվային փուլում։ Դիապաուզայի ենթարկված ձվերը զարգանում են հաջորդ տարվա գարնանը, չենթարկվածները՝ նույն տարում։

Թրթուրներ

Ձվից դուրս է գալիս թրթուր (այսպես ասած մետաքսի որդ), որն արագ աճում է և մաշկափոխվում 4 անգամ։ Այն բանից հետո, երբ թրթուրն անցնում է 4 մաշկափոխություն և անցնում 5 հասակ, նրա մարմինը դառնում է թեթևակիորեն դեղնավուն։ Թրթուրը զարգանում է 26-32 օրում։ Զարգացման տևողությունը կախված է օդի ջերմաստիճանից և խոնավությունից, սննդի չափից, որակից և այլն։ Թրթուրներն ուտում են 20-25 գ կեր (75%֊ը՝ 5-րդ հասակում) և սնվում են միայն թթենու տերևներով (այդ պատճառով մետաքսագործության տարածվածությունը կապված է այն տարածքների հետ, որտեղ աճում են այդ ծառերը)։

Բոժոժներ

Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի վերին շերտը կազմված է անընդհատ մետաքսե թելից և ունի 300-900 մետրից մինչև 1500 մետր երկարություն (ամենախոշոր բոժոժներում)։ Բոժոժում որդը վերածվում է հարսնյակի։ Բոժոժը կարող է լինել տարբեր գույների՝ վարդագույն, կանաչավուն, դեղին և այլն։ Բայց արտադրության պահանջների համար ներկայում բազմացվում են բացառապես սպիտակ բոժոժ ունեցող շերամորդեր։ Կյանքի այդ պահին շերամորդն ունենում է մոտ 8 սմ երկարություն և 4 գ մարմնազանգված, որի մոտ 40%-ը մետաքսագեղձերն են։ Արտադրած հյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից՝ ֆիբրոինից և սոսնձից՝ սերիցինից։ Բոժոժի հյուսման ժամանակ թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճանակաձև շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուսքի ավարտից հետո՝ 4-րդ օրը, թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրում՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում է բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։

Թիթեռների թրթուրներից դուրս են գալիս սովորաբար հարսնյակավորումից հետո՝ 15-18-րդ օրը։ Սակայն սովորաբար մինչ այդ փուլը մետաքսագործին ապրել չեն թողնում․ թրթուրները 2-2,5 ժամ պահում են 100 ջերմաստիճանում, ինչը սպանում է հարսնյակին և հեշտացնում բոժոժի բացվելը։

Մետաքսագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերամապահությունը շերամի մետաքսագործի բուծումն է մետաքս ստանալու նպատակով։ Համաձայն կոնֆուցիական ձեռագրերի՝ շերամի որդերի միջոցով մետաքսի ստացման գործընթացն սկսվել Ք․ա․ 27-րդ դարում, չնայած հնէաբանական ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ շերամապահությունն սկիզբ է առել դեռևս Յանշաոյի ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 5000 թվական)։ Մեր թվարկության առաջին դարի առաջին կեսին շերամապահությունը հասել է հին Խոտան, իսկ 3-րդ դարում՝ Հնդկաստան։ Հետագայում այն տարածվել է ասիական երկրներում, Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանի երկրներում։ Շերամապահությունը դարձել է տնտեսության կարևոր ճյուղ մի շարք երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան։ Ներկայում Հնդկաստանը և Չինաստանը հանդես են գալիս որպես մետաքսի արտադրության հիմնական կենտրոններ՝ արտադրելով մետաքսի համաշխարհային տարեկան արտադրանքի մոտավորապես 60 %-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 231. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8.
  2. Горностаев Г. Н. Насекомые СССР. — Москва: Мысль, 1970. — 372 с. — (Справочники-определители географа и путешественника).
  3. Աշոտ Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևանի պետական համալսարան, Երևան, 2009։
  4. E. J. W. Barber (1992). Prehistoric Textiles: the Development of Cloth in the Neolithic and Bronze Ages with Special Reference to the Aegean. Princeton University Press. էջ 31. ISBN 978-0-691-00224-8.
  5. «Дикий тутовый шелкопряд — Красная книга Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  6. Тихонов А. Красная книга России. Животные и растения. — РОСМЭН, 2002. — С. 414. — 10000 экз. — ISBN 5-353-00500-7
  7. K. P. Arunkumar; Muralidhar Metta; J. Nagaraju (2006). «Molecular phylogeny of silkmoths reveals the origin of domesticated silkmoth, Bombyx mori from Chinese Bombyx mandarina and paternal inheritance of Antheraea proylei mitochondrial DNA» (PDF). Molecular Phylogenetics and Evolution. 40 (2): 419–427. doi:10.1016/j.ympev.2006.02.023. PMID 16644243.
  8. Hideaki Maekawa; Naoko Takada; Kenichi Mikitani; Teru Ogura; Naoko Miyajima; Haruhiko Fujiwara; Masahiko Kobayashi; Osamu Ninaki (1988). «Nucleolus organizers in the wild silkworm Bombyx mandarina and the domesticated silkworm B. mori» (PDF). Chromosoma. 96 (4): 263–269. doi:10.1007/BF00286912.(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենու մետաքսագործ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենու մետաքսագործ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 485