Եվրասիա - Վիքիպեդիա Jump to content

Եվրասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Եվրասիա
Մակերես54 759 000 կմ²
Բնակչություն5 348 554 000 մարդ (հուլիսի 1, 2019)[1]
Եվրասիա (Աշխարհ)##
Եվրասիա (Աշխարհ)
Եվրասիան աշխարհի քարտեզին

Եվրասիա, Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։

Եվրասիա մայրցամաքն անվանակոչել են տարբեր կերպ։ Սկզբնական շրջանում Ալեքսանդր Հումբոլդտն այն անվանել է Ասիա՝ նկատի ունենալով ողջ մայրցամաքը։ Կառլ Գուստավ Ռոյշեն 1858 թվականին «Handbuch der Geographie» գրքում օգտագործել է «Doppelerdtheil Asien-Europa» տերմինը։ «Եվրասիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1880ականներին[2]։Եվրասիա մայրցամաքը աչքի է ընկնում' տնտեսության, մշակույթի և բնության տարածքային մեծ տարբերություններով

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրասիան տիեզերքից

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։ Եվրասիայի առավել զանգվածային մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։

Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80 %-ը /44,3 մլն քառ. կմ, իսկ Եվրոպային՝ 20 %-ը /10.5 մլն. քառ. կմ։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Եգեյան ծովով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։

Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն կմ է։

Ափերի գծագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիա մայրցամաքը Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, իսկ արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսով։ Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով, Ավստրալիայից՝ Արաֆուրյան և Թիմորի ծովերով։

Եվրասիայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Չելյուսկին (Թիմորի կղզում, հս. լ. 77°43’), հարավում՝ Պիայ (Մալակա թերակղզում, հս. լ. 1°16’), արևմուտքում՝ Ռոկա (Պիրենեյան թերակղզում, արմ. երկ. 9°34’), արևելքում՝ Դեժնյովի (Չուկոտյան թերակղզում, արմ. երկ. 169°40’) հրվանդանները։

Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը

Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ է)։

Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն Լավրասիա մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։

Աշխարհամասի աշխարհագրական ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիայում է գտնվում.

Աշխարհամասում է գտնվում նաև հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը։ Կամչատկայում կա 150 հրաբուխ, որոնցից 25 գործող։ Կամչատկայում է գտնվում ամենաբարձր գեյզերը՝ Վիլիկանը, որը ժայթքում է 4 ժամը մեկ։ Ջրի ջերմաստիճանը՝ 100 °աստիճան. գեյզերի շիթի բարձրությունը՝ 40 մ։

Պատմաաշխարհագրական շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիան համարվում է Շումերական և Չինական հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները։

Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի՝ Եվրոպա և Ասիա։ Ասիան մեծ չափերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների՝ Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդկաչին, Արաբիա և այլն։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայկալ լիճը տիեզերքից

Եվրասիան շատ հարուստ է ներքին ջրերով։ Այստեղ են գտնվում նշանակալից մի շարք ջրառատ և երկար գետեր, մեծ և խորը լճեր։ Գետերի տեղաբաշխումը կախում ունի ռելիեֆից և մայրցամաքում տեղումների բաշխումից։ Եվրասիային բնորոշ է ներքին հոսքի ավազանների մեծ տարածքը։

Շնորհիվ իր հսկայական չափերի՝ Եվրասիայի կլիման շատ բազմազան է, քան մյուս մայրցամաքներինը։ Մայրցամաքի ամենացուրտ վայրը (հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը) գտնվում է հյուսիս-արևելքում՝ Վերխոյանսկ-Օյմյակոնի շրջանում։ Այստեղ հունվարի միջին ջերմաստիճանը -50 °C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -71 °C։

Մայրցամաքի ամենատաք և ամենաչոր շրջանը հարավ-արևմուտքն է՝ Արաբական թերակղզին, որտեղ հուլիսի միջին ջերմաստիճանը +30 °C-ից բարձր է, իսկ առավելագույնը՝ +58 °C։ Ավազը տաքանում է մինչև +80 °C։ Այստեղ տեղումների տարեկան քանակը 50 մմ.-ից չի անցնում։

Եվրասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը։ Հիմալայների հարավային ստորոտում՝ Չերապունջիում տարեկան տեղումների քանակը կազմում է 12.000 մմ., իսկ առավելագույնը՝ 23.000 մմ.։ Այստեղ մեկ օրում (ամռանը) լինում են այնքան տեղումներ (500 մմ.), որքան երկու տարվա ընթացքում Երևանում։

Եվրասիայի պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 527