Լիլիթ (Իսահակյան) — Վիքիդարան Jump to content

Լիլիթ (Իսահակյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԼԻԼԻԹ
(ՀՐԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ)

Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։

Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։

Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։

Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անասուններին, թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։

Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։

Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.

«Եկեք՝ ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։

Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։

Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց.

«Բարի է, որովհետև գեղեցիկ է»։

Ապա կոչեց Ադամին իր մոտ։ Լիլիթի փոքրիկ ձեռքը դնելով նա­խամարդու ափի մեջ՝ ասաց.

Ադա՛մ, ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը։ Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերը և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց։ Աճեցե՛ք և բազմացե՛ք։

Ադա՛մ, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, և դո՛ւ, Լիլիթ, հնազանդ եղիր Ադամին։ Լիլիթ ուշի ուշով նայեց Ադամին, և կավի հոտ զգաց իր հոտոտելիքը։ Եվ զգաց, որ Ադամի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա։ Ու հապճեպով ձեռքը դուրս քաշեց Ադամի ափի միջից։

Ադամ նայեց Լիլիթին. և գեղեցկության մի անհուն ծավալվեց ու խորացավ իր առջև, որ դյութում էր ու քաշում իր հոգին դեպի ահավոր անդունդը՝ ոչնչացնելու համար։

Եվ հիազարհուր[1] աչքերը գոցեց։

Եվ երբ աչքերը նորից բացեց՝ շրթները հազիվ կարողացան իրարու գալ.

— Փա՛ռք քեզ, ա՛ստված, դու ստեղծեցիր ամենագեղեցիկը և կատարյալը քո արարածների մեջ։

Դու հյուսեցիր պսակը քո հրաշագործ տիեզերքի։

Փա՛ռք քեզ անսահման և հավիտյան։

Երբ Լիլիթ լսեց նրա խոսքերը՝ գլուխը քնքուշիկ թեքեց դեպի աջ ուսը. և առաջին գոհունակ ժպիտը փայլեց չքնաղ դեմքի վրա։

Ադամ՝ մղված մինչ այդ իրեն անծանոթ մի զգացումից՝ ուզեց կրկին բռնել Լիլիթի ձեռքը։ Սակայն Լիլիթ բոցի պես խույս տվեց Ադամի մոտից։

Ադամ զգաց, որ իր սիրտը կապված է Լիլիթի լուսաշող կրունկներին՝ անբաժան ու անմեկին։ Եվ հետևելով Լիլիթին՝ տեսավ նրան կանգնած ոսկեվառ լճակի ափին, ուր նազում են ձյունափետուր կարապները։

Լիլիթ հիացումով դիտում էր գեղանի կարապներին։ Նրանց ճկուն, սլացիկ պարանոցները կախարդել էին իրեն։

Եվ քաղցր ձայնով կանչեց կարապներին. ու երբ Լիլիթ ծունկի եկավ նրանց փայփայելու, հանկարծ ջրերի վրա տեսավ մի հրաշալի, մի հրաբողբոջ պատկեր․ և երբ հասկացավ, որ այդ իր ցոլքն է, սքանչացավ իրենով և հպարտացավ։

Կրծքի վրա թափթփված մազերը հյուսեց և թողեց, որ հյուսերը ծփան ուսերի և թիկունքի վրա։ Եվ հիացած ու նորից հիացած՝ նայում էր իր պատկերին և չէր հագենում։

Կապույտ երկինքն իր արևով և դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ։

Եվ տեսավ Լիլիթ, որ արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը։ Ինքն է ամենակատարյալը դրախտի մեջ, և լիճն ու դրախտը լցված են իր դեմքի լույսով։

Մինչ այդ՝ մի զույգ հակինթե թիթեռներ՝ ադամանդե թևերով, եկան և նստան նրա քաղցրաբույր մազերի վրա։ Լիլիթ նայեց և ժպտաց։

― Ի՜նչ գեղեցիկ կլիներ, եթե սրանք միշտ մազերիս վրա մնային․․․

Եվ իսկույն ծաղիկներ քաղեց, որ հազար գույներով փայլում էին ու բուրում իր շուրջը, և շարեց վարսերի մեջ։

Ադամ, որ հեռուն կանգնած՝ հափշտակված դիտում էր ընկերին, մեկեն սիրտ առավ մոտենալու նրան։

Լիլիթ երբ տեսավ, որ Ադամի ցոլքը խառնվեց իր պատկերին, զայրացած ոտքի ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա։

— Լիլի՛թ, հրեշտակներից չքնա՛ղս,— թոթովեց Ադամ,— այդ ի՞նչ ծաղիկներ էին, որ դու քաղեցիր․․․

— Սրա՞նք.— հրաշալիքներ են սրանք, դու չես հասկանում,— Ադամի խոսքը արհամարհանքով կտրեց Լիլիթ։

— Ո՛չ, հոգիս, ես գիտեմ Եդեմում այնպիսի վայրեր, ուր ստեղծողն անգամ տակավին ոտք չի դրել։ Այնպիսի աննման ծաղիկներ, անպատմելի բույրերով ու գույներով, այնպիսի լուսատերև ծառեր՝ ամենահամեղ պտուղներով զարդարուն։

Չէի՞ր կամենա՝ հիմա երթայինք շրջեինք այն վայրերը․․․

Ադամ այնպիսի փաղաքուշ ձայնով ասաց, որ մի պահ մեղմացավ Լիլիթի զայրույթը։

— Լա՜վ, Ադամ, կերթանք, կերթանք, բայց ոչ այսօր. հետո, հետո։

— Լիլի՛թ, նազելիս, այո՛, երբ որ կամենաս, սակայն գիշեր է գալու հիմա․ գնանք իմ տաղավարը, որ շինել եմ հրաշագեղ սոխակների բներին կից, ամենաշքեղ ծաղիկներով պարուրված։ Քնի՛ր այնտեղ, իսկ ես հսկեմ քո անուշ քունը։

— Ո՛չ, ո՛չ, թո՛ղ ինձ մենակ։ Ես այսօր շատ հոգնած եմ,— և թեթևասահ քայլերն ուղղեց պուրակների խորը։

Ադամ չգիտեցավ՝ ի՛նչ պատասխաներ։ Լուռ և գլխաքարշ հետևեց նրան։

― Ադա՛մ, թո՛ղ ինձ մենակ, խնդրում եմ․․․

― Բայց, Լիլի՛թ, հազար ցանկալի՛ Լիլիթ, եր՞բ տեսնեինք իրար, և ե՞րբ․․․

― Վաղը,— Ադամի խոսքը հրամայաբար կտրեց Լիլիթ և ակնթարթի մեջ սուզվեց թփերի մեջ։

――――――――――――

Լիլիթ աղբյուրի մոտ նստած՝ ականջը դրած նրա բյուրեղյա նվագին՝ նայում էր դրախտի աստղազարդ երկնքին. և աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչանքով։

Եվ Լիլիթ աստղերով հարբած՝ քուն մտավ ծաղիկների վրա և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:

Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց դրախտի վրա՝ թաթախելով ամեն չնչին գուղձն իսկ շողերի և գույների անճառ կախարդանքի մեջ։

Ադամ զամբյուղը լցրած պտուղներով ու ծաղիկներով՝ քայլեց դեպի Լիլիթի տաղավարը և հեռվից ձայնեց Լիլիթին։

Պատասխան չառավ։

Նորից ձայնեց, նորից ոչ մի պատասխան։

Անհամբեր մի քանի անգամ անցավ ու դարձավ աղբյուրի շուրջը, հայացքը ամեն կողմ լարած։ Լիլիթ չերևաց։

Գնաց լճափ, թափառեց պուրակներում, պրպտելով ամեն թուփ ու մացառ։ Կրկին դարձավ աղբյուրի մոտ։ Լիլիթ չկար ու չկար։

Ի՞նչ է պատահել նրան, Լիլիթին,— մտածում էր Ադամ.— երևի անծանոթ շավիղներ բռնելով՝ մխրճվել է հեռավոր պուրակների մեջ և մոլորվել։

Պիտի որոնել, որոնել նրան։

Եվ զամբյուղը թողնելով աղբյուրի մոտ, ուր Լիլիթի տաղավարն էր, գնաց որոնելու։

Ամբողջ օրը թափառեց Ադամ՝ բարձր ձայնելով Լիլիթի անունը։ Սակայն ոչ մի արդյունք։

Երեկո եղավ և իջավ գիշերը։

Ադամ, անկարող լինելով խավարի մեջ գտնել դարձի արահետները՝ հոգնած քնեց մի ծառի տակ։

Եվ միայն լուսադեմին, երբ կաթնալույսով ողողված էր երկինք ու դրախտ, Ադամ կարողացավ վերագտնել եկած ուղին։

Վազ տալով, շնչասպառ և դեռ չհասած աղբյուրին, հեռվից ձայն տվեց․

― Լիլի՛թ, բարի լույս։

— Սակայն մի՛ եկ մոտս. դեռ չեմ լվացվել։

Ադամ լսելով Լիլիթի ձայնը, երեկվա բոլոր կրած տանջանքը նույն սրությամբ նորից ապրեց։ Սրտում զայրույթը ոտքի կանգնեց։ Ուզեց Լիլիթին խիստ կշտամբել, սակայն զսպեց իրեն։

― Ո՞ւր էիր երեկ, ամբողջ օրը։ Այնքա՜ն որոնեցի, այնքա՜ն որոնեցի․․․— Մեղմ եղանակով ասաց Ադամ։

― Երե՞կ․— երեկ ես եկա լիճը․ քեզ չտեսա․ դու չեկար,— պատաս­խանեց Լիլիթ․― ապա մի քիչ վազվզեցի այծյամների հետևից, ընկա նոր անծանոթ վայրեր։ Սքանչելի սոխակներ կային․ նրանց երգով տարված՝ մնացի մինչև երեկո։

― Բայց զարմանալի է։ Դու ե՞րբ եկար լիճը․ մի ոտքս այստեղ էր, մյուսը՝ այնտեղ։ Եվ վերջապես դրախտում այնքան թափառեցի։ Ո՞ւր էիր, որ քեզ չգտա։

― Սակայն ես սպասեցի քեզ թե՛ այստեղ, թե՛ լճափում, իսկ դու չկայիր ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ,— կտրուկ ձայնով պատասխանեց Լիլիթ։

Ադամ մի պահ լռեց։ Ադամ մտածում էր՝ մի՞թե չնկատեց Լիլիթին, անկարելի է, բայց․․․

Եվ համակերպված հաշտ սրտով ասաց․

— Գեղեցի՛կ Լիլիթ, հիանալի պտուղներ եմ բերել նախաճաշիդ համար։

— Սակայն սպասիր, մազերս դեռ չեմ հարդարել։

— Եվ չքնաղ մազերիդ համար արշալույսի ցողերով թաթախուն ծաղիկներ եմ բերել։

— Շնորհակալ եմ, ես էլ ունեմ։ Մի քիչ էլ սպասիր, հիմա կգամ։

Եվ սպասեց Ադամ։

Լիլիթ, բոցերի պես թռվռուն, եկավ կանգնեց Ադամի առջև՝ ոտքը հազիվ գետին առած։

― Օ՛հ, նորից նույն հիանալի պտուղները, որ գտա տաղավարիս առաջ։

― Միշտ նույն գեղեցիկ տեղերիցն եմ բերել։ Հիմա պիտի գնանք, չէ՞, հոգիս։

― Կերթանք, դեռ ժամանակ կա,— ասաց Լիլիթ և նստեց նախա­ճաշիկի։

Ադամ տեղ բռնեց Լիլիթի ձախ կողմը և սրտի զեղումին ազատ ելք տալով․

— Ա՛խ, Լիլիթ,— ասաց,— իրավ որ դու անգութ ես։ Մենակությունը հոգիս հանեց։

Եվ կարոտով գրկեց Լիլիթի մեջքը, և բոլոր հոգով սեղմեց Լիլիթին իր կարոտած կրծքին։

Լիլիթ փախավ Ադամի գրկից և հեռուն կանգնած՝ լացի ձայնով ասաց.

— Ադա՛մ, շատ կոպիտ ես գրկում. կողերս ջարդեցիր։

Եվ թիկունքը դարձնելով Ադամին՝ խռոված կանգնեց Լիլիթ։

Եվ նրա թիկունքը ավելի ոսկեբոց էր, քան արշալույսի շքեղահյուս ծիրանին, որով զարդարվում է դրախտը։

Ադամ նայեց, և հոգին նվաղեց. և փափկությամբ բռնեց Լիլիթի ձեռքը և նրա աչքերի մեջ հալվելով խոսեց․

— Լիլի՛թ, կյա՛նքս, ներիր ինձ։ Լիլի՛թ, հոգուս հոգի, այդպես լուռ և տխուր մի՛ նայիր ինձ. ժպտա՛, խոսի՛ր։ Ա՜խ, ինչպես կուզենայի հազար ականջ ունենայի, որ քաղցր ձայնիկդ հազար անգամ լսեի և նորից չհագենայի։

Լիլիթ նստավ։ Ձգվեց մի լարված լռություն։

— Ադա՛մ,— խզեց լռությունը Լիլիթ,— աստված քեզ վաղո՞ւց է ստեղծել։

― Այո՛, նազելիս։

― Ի՞նչ էիր անում դրախտում։

― Թափառում էի մեն–մենակ և ինձ համար ընկեր էի որոնում անբան անասունների մեջ։

― Մի՞թե չգտար քեզ նմանը,— հարցրեց, աչքերի խորամանկ հայացքով զննելով Ադամին։

— Ո՛չ, Լիլիթ։ Դրա համար էլ աստված քեզ ստեղծեց ինձ համար։

― Ինձ քեզ համար ստեղծե՞ց․․․ հա՛, հա՛, հա՛…— ծիծաղեց Լիլիթ բարձր ու զվարթ։

Ադամ վիրավորվեց։ Իջավ մի դառն լռություն։

— Այո՛, այո՛,— սրտաբեկ խոսեց Ադամ,— աստված քեզ ստեղծեց, որ մենակ չապրեմ, որ ընկեր լինինք․․․ կյանքս հատնում է քեզ համար, իսկ դո՞ւ․․․ դու չես իմանում, որ առանց քեզ դրախտն անտանելի է ինձ համար, և կյանքը՝ միայն տառապանք․․․ աստծուն հաճելի չէ այս. եթե լսե, սաստիկ կբարկանա։

Եվ դողաց նրա ձայնը․ արցունքները թրթռացին ձայնի մեջ։

Լիլիթ նայեց Ադամի խղճալի դեմքին և լիահնչուն քրքիջ արձակեց։ Սակայն մի պահ։ Ապա հայացքը նրա քաղցրացավ, աստծու անունը զգաստացրեց նրան։

— Բայց, Ադա՛մ, ինչո՞ւ ես լալիս․ ինչո՞ւ ես այդպես խոսում։ Չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ։

Եվ հրացայտ մատներով փայփայեց Ադամի անկարգ մորուքը։

Անծայր գորովով լցվեց Ադամի սիրտը։ Պատրաստ էր ընկնելու Լիլիթի ոտները և թողություն խնդրելու։

— Լա՛վ, Ադամ, սիրելի՛ս,— փաղաքուշ ձայնով դիմեց Լիլիթ,— բռնի՛ր այս թռչող ծաղիկը ինձ համար։

― Սա թիթեռ է, ծաղիկ չէ։

― Միևնույն է, բռնի՛ր։

Ադամ վազեց թիթեռի ետևից և չկարողացավ բռնել։

― Ուզո՞ւմ ես՝ բռնեմ իսկույն,― ասաց Լիլիթ և, ճախր առնելով օդում, ակնթարթի մեջ բռնեց թիթեռին։

― Տեսա՞ր, Ադամ։ Բայց ի՜նչ դանդաղաշարժն ես եղել դու։

― Օդի միջով քեզ պես չեմ կարող ոստոստել,— պաշտպանեց իրեն վիրավորված շեշտով Ադամ,— բայց շատ արագ կարող եմ վազել։

― Այդ էլ չես կարող,— հակառակեց Լիլիթ,— մի՛ պարծենար։

― Կարող եմ,— պնդեց Ադամ,— արի փորձենք։

— Զուր մի՛ հոգնիր։

Ադամ նորից պնդեց։

― Շատ լավ,— ասաց Լիլիթ,— եթե ինձ բռնես, դրախտի ամենից քաղցր պտուղը կտամ քեզ։

― Ո՞րն է այդ, որ դու գիտես, ես՝ ո՛չ, թեև դրախտի բոլոր պտուղ­ները ճաշակել եմ արդեն,— զարմացած հարց տվեց Ադամ,— ի՞նչ է անունը։

― Համբույր։

― Համբո՞ւյր,— զարմացական ու հարցական կրկնեց Ադամ։

― Այո՛, համբույր,— շրթների հատնումը ուրիշ շրթների վրա։ Չգիտե՞ս։

Ադամ խորհում էր, թե ո՞րտեղից այդ գիտեր Լիլիթ, ե՞րբ և ի՞նչպես․․․ Եվ վարանոտ նայեց Լիլիթին։ Իսկ Լիլիթ անխոս նայում էր Ադամի աչքերին, և սակայն նրա բոցալեզու հայացքը կրակե ճառագայթներով անցավ Ադամի բիբերի միջով և բռնկեց Ադամի հոգին մորենու պես։

Հասկացավ Ադամ և սրտակամ համաձայնեց։

Վազում էր Լիլիթ կայտառ ու թեթև, Ադամ ոգևորված վազում էր հևիհև։

Թաքչում էր Լիլիթ թփերի տակ, ապա ցատկում էր վեր, կանգնում էր մի պահ և հնչուն ծիծաղով ասում․— «Արի՛, արի՛, բռնիր, սպասում եմ»։ Եվ կարմիր շրթները համբույրի բողբոջ կազմած սպասում էր։

Ադամ խելակորույս կանգ առավ։

— Ադա՛մ, աստված քեզ ինչո՞ւց ստեղծեց,— հարց արավ Լիլիթ՝ նրան մոտենալով։

― Հողից, բայց իր պատկերի նման։

― Հողի՞ց, հողի՞ց․․․ հա՛, հա՛, հա՛,— ծիծաղում էր ու ծաղրով ծիծաղում,— դրա համար այդպես ծանրաշարժ ես, հաստ ու կոպիտ։

Ադամ բորբոքվեց ու բարկացավ. և բոլոր ուժերը հավաքած՝ վազ տվեց. վազեց Լիլիթի վրա և քիչ մնաց բռներ նրան ու ճմլեր իր գրկում․ սակայն մատները միայն դիպան մազերին։ Իսկ Լիլիթ, ակնթարթի մեջ, արտուտի պես նետվեց վեր ու սլացավ թավուտների մեջ՝ զվարթ ծիծաղով ու բարձր ձայնելով․

— Ադա՛մ, վաղն արի գնանք դրախտը շրջելու։

Ադամ հաղթված և ամոթահար՝ երկար ժամանակ մնաց բևեռված և աչքերը անթարթ ծովացած Լիլիթին պարփակող թավուտների վրա։


Արշալույսին Ադամ եկավ և դեգերեց աղբյուրի շուրջը։ Սպասեց, մինչև Լիլիթ ծաղիկներով պճնված, հազար նազանքներով երևաց։

— Ուրեմն ասում ես՝ գնանք քո գոված վայրերը,— անփույթ ասաց Լիլիթ։

— Օ՛հ, աննմա՛ն Լիլիթ, գովքը ոչինչ հնչյուն է. պիտի աչքովդ տեսնես այն գերահրաշ պուրակները, աղբյուրները, լճակները, որ հասկանաս դրախտի անհուն շքեղությունը։

Եվ Ադամ ցույց տվավ գնալիք ուղին։

— Ո՛չ, այսպե՛ս գնանք,— ասաց Լիլիթ՝ մատնանշելով Ադամի ցույց տվածի հակառակ կողմը։

— Ներիր, նազելիս, սա՛ է ճանապարհը,— մեղմով առարկեց Ադամ։

— Այսպե՛ս գնանք,— կրկնեց Լիլիթ։

— Անգի՛ն Լիլիթ, այդ ճանապարհը լա՛վը չէ այնքան։ Ես գիտեմ բոլոր շավիղները,— և ցույց տվածս է ամենագեղեցիկը։ Ներիր, որ ասեմ, թե դու չգիտես։

— Ո՛չ,— զայրացած ասաց Լիլիթ,— և վերջապես ես ա՛յս եմ ուզում. եթե չես գալիս, ես մենակ կերթամ։

Եվ ոտք դրեց իր կամեցած ուղին։

Ադամ հլու հետևեց նրան։ Մի պահ գնալուց հետո՝ Ադամ համարձակվեց ասելու.

— Չքնա՛ղ Լիլիթ, աղաչում եմ, հիմա էլ փորձիր իմ ասած ճանապարհը։

— Շատ լավ,— զիջեց Լիլիթ, թող քո ասածը լինի։ Արդեն միշտ քո ասածն է լինում։

Ճանապարհի ափերին, հազարաբույր ու հազարաթույր ծաղիկները բյուր–բյուր ձևերով՝ պճնազարդել էին բուրաստանները։ Երազանման թիթեռների բույլերը ճախր էին առնում կանաչի ու կակաչի մեջ Լիլիթի շուրջը։ Պուրակներում բանաններն ու անանասները բոլորել էին լճակները, ուր ցոլացայտ ձկներն էին խայտում նունուֆարների և լոտոսների հույլերի մեջ։

Սաղարթախիտ ստվերների տակ արծաթյա և ծիածանավառ սիրամարգներն էին ճեմում զմրուխտահավերի և ծիրանահավերի հետ։ Մարգից մարգ ոստոստում էին դրախտահավերն ու քնարահավերը։

Դարաստանների[2] վրա, բուրալից օդում, անուրջների պես, ցանու­ցիր, թափառում էին երփնավառ[3] թռչունները և երգում էին հազար դայլայլներով, հոգեհմա[4] գեղոններով[5] իրենց սերն ու տենչերը։ Ոսկեկեղև ծառերից կախված էին հեշտագրգիռ պտուղները կախարդիչ գույներով ու ձևերով։

Լիլիթ պոկում էր սիրտն ուզածը և հիացած ճաշակում։ Հափշտակված էր Լիլիթ դրախտի տեսարաններով․ անթարթ նայում էր շուրջը, ետ դառնում և նորից նայում։

— Հոգյա՛կս,— ասաց Ադամ,— ահա այնտեղ է իմ տաղավարը։

Սակայն Լիլիթ անուշադիր՝ չլսեց Ադամին և քայլում էր զմայլած ու վերացած։

Նա թռչունների պես ոստոստում էր, քան թե քայլում, լուսակաթ ոտները գետնին չէին հպում։

Իսկ Ադամ ծանր ու հաստատուն քայլերով հետևում էր նրան, աչքերը չհեռացնելով նրա կրակե բոցերի պես ծփծփող, ճաճանչագեղ մազերից։

Զգացումի հզոր ու անզուսպ մի ալիք մղում էր Ադամին գնալու և Լիլիթի ոտների տակ փշրվելու, և Ադամ, արագացնելով իր քայլերը՝ մոտեցավ Լիլիթին, վախով բռնեց նրա հրեղեն արմունկից և հոգեսպառ ասաց.

— Ի՛մ չքնաղ ընկերս, նայիր հեռուն, ի՜նչ վսեմ է։

Լիլիթ աչքի ծայրով անտարբեր նայեց հեռուն։

Եվ հեռուն երկնաձիգ լեռներն էին սուզվել կապույտ լռության մեջ, արծաթացոլ ձյունապսակներով։ Սյունաբարձ ապառաժներից գլխիվայր նետվում էին ջրերը և ահագնագոչ դղորդով լեցնում անձավները, ուր խարտյաշ այծյամներն էին հանգիստ առնում։

Լեռների ոտների տակ սնդուսի ծովն էր հևում, ուր լուսափետուր որորները քնքշորեն խփում էին իրենց կուրծքը ոսկեծայր կոհակներին և սուրում էին դեպի հեռավոր զմրուխտաշող կղզիները։ Այնտեղ երփնաթերթ ծաղիկներն էին խնկում և բարձրուղեշ[6] արմավենիներն էին օրորվում գուրգուրող հովերի մեջ։

― Տեսա՞ր, հոգիս, ինչ գեղեցիկ է։ Ես չէի՞ ասում,— շշնջաց Ադամը և գորովով գրկեց Լիլիթի մեջքը։

― Վատ չէ, բայց իմ ասած ճանապարհը նույնպես լավն էր,― ասաց Լիլիթ և, ոստում անելով՝ թռավ Ադամի գրկից դուրս և կանգնեց ափին մոտակա առվակի, որ զվարթ ծիծաղով թավալվում էր խայտաբղետ ավազահատիկների վրա։

― Օ՛հ, ի՜նչ սիրուն են այս մանր քարերը, ի՜նչ սիրուն գույներ ունեն․ կարմիր, կապույտ, կանաչ, ոսկե… Ադա՛մ, տուր ինձ այդ խիճերից մի քանի հատ։

― Լիլի՛թ, այս ի՜նչ են որ։ Ես գիտեմ այնպիսի խիճեր, որոնք փայլուն են արևի պես, թափանցիկ են ջրերի պես և կարծր են ու շատ գեղեցիկ։

— Ա․․․ Ո՞ւր են նրանք, Ադա՛մ, սիրելիս, ո՞ւր են հիմա։

— Նրանք շատ հեռու տեղ են գտնվում, խորունկ, անհուն ձորերի մեջ, ժայռերի ծերպերում, հեռու հեռուներում։

― Ե՞րբ կբերես, ասա՛, Ադամ,― և Լիլիթ քնքշությամբ ձեռքը դրեց Ադամի ձեռքի վրա։

― Եթե հաճելի է քեզ, նազելիս, այսօր կգնամ և վաղը կբերեմ,― ասաց Ադամ ուրախացած, որ առիթ ունեցավ Լիլիթին հրճվանք պատճառելու։

― Գնա՛, Ադամ, հիմա իսկո՛ւյն գնա, ի՜նչ լավն ես, Ադամս,― և ափի հակադարձ կողմով փափկությամբ շոյեց Ադամի ճակատը։

Ադամ սրտի տրոփյունով մեղմիկ առավ Լիլիթի շուշանագեղ ձեռքը և դրեց շրթներին։ Համբույրի անուշությունը ծորեց Ադամի սրտի մինչև հատակը․․․

Ապա կարոտի հայացք ձգելով Լիլիթի վրա՝ արագ վազ տվեց, մինչդեռ Լիլիթ աչքերի հրեղեն խաղով, ուր անուշ խոստումներ կային, երթաս բարև մաղթեց Ադամին։

Լիլիթ սակավ ինչ հանգչելուց հետո՝ ուրիշ շավիղներով ուղի ընկավ դեպի իր տաղավարը։ Հանկարծ գլուխը ցից բռնած մի օձ հանդիպեց նրան։

Լիլիթ նայեց օձի աչքերին, օձը՝ Լիլիթի։ Եվ երկուսն էլ կանգնած մնացին, երկուսն էլ թովված էին մեկ մեկով։

Լիլիթին այնպես հրապուրիչ էր օձի վետվետուն, գալարուն մարմինը՝ ողորկ, սուր և նետվող։ Նրան այնպես թվաց, թե այդ թափանցեց իր մարմնի միջով։

Երկար և երկար նայում էր Լիլիթ, սակայն օձը, վախեցած նրա հայացքի կայծակից, սուլեց և ակնթարթի մեջ անհայտացավ կարկառների մեջ։

Մինչդեռ Ադամ շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը։ Երբ հասավ, եռանդով սկսեց հավաքել երփներանգ խիճերը։

Առանց հոգնելու և վհատելու մագլցում էր ժայռերը, և ծերպերից ատամներով պոկում էր քարերը՝ վիրավորելով մատներն ու ոտքերը, բայց ոգի առած այն հեռապատկերով, թե ի՛նչպիսի հաճույք պիտի ընծայե չքնաղ Լիլիթին։

Ինքնին զարմանում էր, որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցված էր մի հեշտալի և քաղցր զգացումով, և դրախտն այն օրվանից հազար անգամ ավելի գեղեցիկ է դարձել, և իր ամեն ապրած վայրկյանը իմաստ ունի և անարտահայտելի հրապույր…


Ադամ բեռնավորված ծանրալի զամբյուղով՝ վերջալույսին հևիհև հասավ լճակը, ուր Լիլիթ անհամբեր սպասում էր Ադամին։

Նա գրկած ուներ մի թավշամորթ կատու, որին շոյում էր անընդհատ՝ ժամանակը կարճելու համար։

― Լիլի՛թ, հոգեթո՛վ Լիլիթ, ահա եկա և բերի,― գոչեց Ադամ։

Լիլիթ, որ Ադամի ցոլքը տեսել էր ջրի վրա, իբրև թե հանկարծի եկած՝ ետ դարձավ դեպի նա։

— Ադա՛մ, դո՞ւ ես։

― Ների՛ր, հոգիս, որ ավելի շուտ չկարողացա գալ։ Շատ հեռու էր։ Վաղո՞ւց է՝ սպասում ես ինձ։

— Ո՛չ, Ադամ, նոր եկա։ Չէի ուզում գալ, գլուխս ցավում էր․ հենց այնպես եկա։ Բերի՞ր քարերը, տեսնենք։

Եվ զսպած անհամբերությամբ աչքերը նետեց զամբյուղի մեջ․

— Օ՛հ, ի՜նչ գոհարներ են, ի՜նչ շքեղ են, ի՜նչ շքեղ,— հիացած ձայնեց Լիլիթ։

— Գոհա՞ր է սրանց անունը։ Դու ո՞րտեղից գիտես,— զարմանքով հարցրեց Ադամ։

― Այո՜, այդպես է, ես գիտեմ․ Ադա՛մ, սիրելիս, ե՛կ համբուրեմ քեզ, ինչքան բարի ես։

Եվ Լիլիթ չկարողանալով զսպել ուրախությունը, կատուն բաց թողեց գրկից, թռավ և համբուրեց Ադամի ճակատը։

Ադամ խելքը կորցրած փռվեց Լիլիթի ոտների տակ և ապշած դիտում էր նրան, որը քնքուշ մատները խրելով զամբյուղի մեջ խաղում էր գոհարների հետ, առնում էր ափի մեջ, անհագ նայում, ժպտում էր ինքնին․ նորից լցնում էր զամբյուղը և նորից վեր առնում։

— Ի՜նչ հրաշալի ադամանդներ են՝ սպիտակ հիանալի ճառագայթներով։ Ի՜նչ կարմիր հակինթներ են․ ի՜նչ մաքուր կանաչ զմրուխտներ են, ի՛նչ սուտակներ, ի՛նչ շափյուղներ․ ո՞րն ասեմ, ո՞րն ասեմ․ և ի՜նչքան շատ են, շա՜տ են․․․

Եվ Լիլիթ խաղում էր գոհարներով, սփռում էր վարսերի մեջ և նորից հավաքում, մինչև լիալուսինը բարձրացավ ծառերի ետևից և լուսավորեց դրախտի ամեն մի թուփ ու մացառ, ծիլ ու տերև։

Լիլիթ նստել էր նռենու տակ։ Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քողերի պես ծրարել էին նրա դեմքը։ Ադամի սիրտը թռչունի պես թրթռում էր կրծքի տակ և ուզում էր բերանից դուրս թռչել։

— Լիլի՛թ, աննմա՛ն Լիլիթ, դու իմաստուն ես. ասա՛ ինձ, այս ի՞նչ զգացում է, որ բույն է դրել հոգուս մեջ՝ քեզ տեսնելու վայրկյանից։ Ուզում եմ հալչել լույս ոտներիդ տակ․ ուզում եմ համբուրել կոխածդ հողը․ ուզում եմ արևը պսակ դնել գլխիդ վրա և աստղերով սալարկել քո ուղին։

Լիլիթ լսում էր Ադամին, և մեղմ ծիծաղը հավաքվում էր իր շրթների շուրջը։

― Ասա՛, ամենաչքնա՛ղ Լիլիթս, ի՞նչ է այս զգացումը, որ երբ մոտդ եմ լինում, դրախտը ավելի չքնաղ է դառնում և կյանքը ավելի անուշ. իսկ երբ հեռու եմ լինում քեզնից՝ դրախտը դառնում է տգեղ և ամայի, և կյանքը դառն ու ծանր։ Քնած թե արթուն՝ երազներս միայն քեզնո՛վ են լցված։ Դու ապրում ես սրտիս և աչքերիս մեջ։

Լիլիթ ծիծաղելով, սակայն ցուրտ ձայնով ասաց․

— Սե՛ր է, Ադա՜մ, սե՛ր է դրա անունը։

— Սե՞ր… ո՞րտեղից գիտես դու․․․

― Ես վաղո՛ւց գիտեմ, Ադամ։

― Սեր․ նվիրական և ահավոր անուն։ Սեր, այո՛, աստված էլ նույնն ասաց՝ սիրեցեք իրար։ Եվ ես սիրում եմ քեզ, Լիլի՛թ, հազար-հազար սիրելի Լիլիթ․ ես քեզ սիրում եմ։

Եվ ինչպե՞ս կարող եմ քեզ չսիրել՝ դու չքնաղ ես, հրաշագեղ, հրաշագեղ, բյո՛ւր անգամ հրաշագեղ։

Եվ գիտեմ հիմա, որ սե՛րն է բոլոր իրերի հոգին․ սերն է, որ թոչունների բերանը հովերի ու աղբյուրների անուշ մրմունջն է դրել։ Սիրուցն է, որ քո անցած շավիղներից մեխակի և խնկածաղիկների բուրմունքն եմ առնում։

Եվ գիտե՛ս, Լիլիթ, փոթորկով բռնկված ծովը, որ լեռնաչափ ալիքներով ծեծում է երկրի ժայռերը, ավելի թույլ է ու թալուկ, քան իմ սերը, որ անզուսպ ուզում է ոտներիդ տակ ծունկի գալ և լռության մեջ հատնել։

Ուզում եմ քեզ օծել համբույրներովս, և հոգվույս համբույրների մեջ դալկանամ ու չքանամ։ Ա՛խ, այնպե՛ս, այնպե՛ս սիրում եմ քո հոնքերը, նազելի՛, ցանկալի՛ Լիլիթ։

Քո հոնքերը ծիածանի պես կամար են․ ծիածանի պես կամար են կապել քո հոնքերը աչքերիդ երկնքի վրա։

Քո աչքերի երկնքի մեջ ծիր-կաթիններ եմ տեսնում, ուր հազար-հազար արևներ են հրդեհում։

Հազար-հազար արևներով բոցավառ աչքերդ կիզում են հոգիս․ հոգիս կիզում են։ Թող աչքերիդ մեջ նայելով մոռանամ ինձ․ մոռանամ դրախտն ամբողջ՝ աչքերիդ մեջ նայելով։

Եվ համբուրեց Լիլիթի աչքերը, և համբուրեց հոնքերն ու թարթիչները։

Լիլիթ անտարբեր էր Ադամի գուրգուրանքի հանդեպ։ Լիլիթ մտազբաղ էր։

― Ադա՛մ, ի՞նչ կա դրախտից այն կողմը։

― Այնտեղ երկիրն է՝ չոր ու տատասկոտ։ Թող կորչի երկիրը․ ես սիրում եմ քո պարանոցը, Լիլիթ։ Քո պարանոցը բարձր է ու սպիտակ, ավելի բարձր է ու սպիտակ, քան ցարասիները[7], որ նուրբ ու քնքուշ հասակով կանգնել են դրախտի դռների վրա։

Եվ Լիլիթ աչքերի ծիծաղով՝ երկարացրեց պարանոցը, և Ադամ համբուրեց պարանոցը և նորից համբուրեց տենչանքով։

— Ադա՛մ, ո՞վ է ապրում երկրի վրա։

― Սատանա՛ն է ապրում, Լիլի՛թ, սակայն թող կորչի սատանան։ Ես սիրելով սիրում եմ քո բերանը, Լիլի՛թ։ Դրախտի հրաշալիքն է քո բերանը, Լիլի՛թ․․․

― Ադա՛մ, ո՞վ է սատանան,— ընդհատեց Լիլիթ նրա սրտի զեղումը։

― Աստծու հակառակորդն է նա։ Հրեշտակ էր նա, հրեղեն՝ և՛ իմաստուն, և՛ գեղեցիկ, սակայն ըմբոստացավ աստծու դեմ. ուզեց նրան հավասարվել։ Եվ աստված պատժեց նրան, երկնքից ներքև թոթափեց նրան իր ընկերներով՝ հավիտյան նզովելով նրանց։ Եվ թող նզովվա՛ծ լինեն նրանք։

Ես սիրում եմ քո բերանը, անսպառ և անհուն հրապույրների, անանուն վայելքների նեկտարն է քո բերանը, ուսկից ոսկի մեղուն ամենաքաղցր մեղրն է շինում։

Քո լեզուն բոլոր սոխակների սիրատարփ երգերն ունի, և բոլոր թռչունների ճռվողյունից ավելի անուշ է քո լեզուն։ Քո շրթների մի քաղցրանուշ համբույրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ․ լիաճոխ ճաշակած կլինեմ ողջ տիեզերքն ու հավիտենականը քո շրթների միմիակ համբույրով…

Եվ Ադամ տարփակեզ շրթները կարկառեց՝ Լիլիթի բերանը համբուրելու, սակայն Լիլիթ ձեռքով գոցեց Ադամի բերանը և, ուժգին ետ մղելով նրան, իսկույն մի ցունցով ոտքի ելավ։

Ադամ թալկացած ընկավ գետին։

— Քունս տանում է,— ասաց Լիլիթ,— վաղը կսպասես ինձ լճափին։

Եվ թռունի քայերով թռավ սուզվեց գիշերային ստվերների մեջ։

Ադամ խավարած աչքերով հետևում էր հեռացող, կայծկլտող, փայլուն Լիլիթին։

Ադամ առավոտ աչքերը բացեց, տեսավ գլուխը գետնին, և Լիլիթ չկար։ Կարծես թե՝ երազի մեջ էր։ Աչքերը նորից գոցեց, սակայն Լիլիթ նորից չկար։

Հանկարծ միտքն ընկավ Լիլիթի վերջին խոսքերը։

Արագ քայլերով շտապեց լճափ և, աչքերը սևեռած դրախտի բոլոր շավիղներին, սկսեց սպասել։

Ամեն մի եղնիկի քայլով սիրտը թունդ էր ելնում․ ամեն մի զեփյուռով, որ թփերը իրար էր բերում, ալեկոծվում էր նրա սիրտը։ Այսպես անհամբեր սպասեց մինչև վերջալույս— և Լիլիթ չեկավ։

Ադամ հուսաբեկ փռվեց սեզերի վրա՝ թարթիչները գոցած, որ Լիլիթին երազե։

Լսեց մի մրմունջ ափի եղեգների մեջ. կարծեց թե մի սիրտ մորմո­քում էր այնտեղ։

Շտապով ոտքի ելավ, կտրեց մի եղեգ, մի-երկու ծակեր բացեց ցողունի վրա և սկսեց նվագել։

Այս նվագ չէր, այլ Ադամի սիրավառ սերն էր ինքնին, որ շիթ-շիթ ծորում էր եղեգնափողի միջից դարձած արցունք ու տենչանք, տենչանք ու տրտունջ։

Եվ երգում է նա.


— Լիլի՛թ, Լիլի՛թ, դու իմ ճակատագիր։
Առանց քեզ ի՞նչ է անմահությունը։
Դու հեշտանքի դրախտն ես, Լիլիթ,
Հրաշքների և հմայքների միակ դրախտն ես դու։
Երազն ես դու, հիացքն ու դյութանքը, Լիլիթ,
Դու չճաշակված գաղտնիքն ես, Լիլիթ,
Արևաղբյուրն ես դու, Լիլիթ,
Բոլոր տանջող և ապրեցնող հրապույրների արևաղբյուրը։
Անհաղթելի կինն ես դու, Լիլիթ,
Լիլի՛թ, հավիտենակա՛ն Լիլիթ․․․



Գիշերն անքուն թափառեց Ադամ՝ երգելով իր ցավագին կարոտը, որ կիզում էր նրա սիրտը։ Եվ մյուս օրն ամբողջ Լիլիթ նույնպես չերևաց։ Օրն ամբողջ թափառում էր Ադամ ու հառաչում։ Այրվում էր ու պապակում, և դրախտի ոչ մի սառն աղբյուր չէր կարող զովացնել նրան։

Ադամ որոշել էր, երբ Լիլիթին տեսնի, ծանր խոսքերով կշտամբե նրան, հանդիմանե կոպիտ ձևով և նույնիսկ սպառնա աստծու անունով։ Այնպե՛ս տառապած էր Ադամի հոգին, այնպես խիստ տառապած։


Վերջալույսին, հանկարծ թփուտների խորքից երևաց Լիլիթ բյուր սեթևեթներով[8], իր մարմնի բոլոր շնորհներով պերճացած։

Ադամ խենթի պես ցատկեց դեպի Լիլիթ, վայրկյանի մեջ մոռանալով ամեն քեն ու որոշում։

Եվ տեսավ Լիլիթին աշխույժ ու կայտառ, վազում էր մի գալարուն ու սևափայլ օձի հետևից, աչքը չհեռացնելով օձի վրայից։ Ադամ բոլոր շնչով ձայնեց և հետապնդեց նրան.

— Լիլի՛թ, կանգնիր, ո՞ւր ես գնում, կանգնիր։

― Քեզ ի՞նչ, ուր եմ գնում, ինչո՞ւ ես հետևում ինձ․― բարկացայտ պատասխանեց Լիլիթ։

— Ի՞նչպես թե՝ քեզ ինչ։ Չէ՞ որ աստված ուզեց, որ հետևեմ քեզ, և դու հնազանդիս ինձ…

― Ես քեզ հնազա՞նդ։ Դու ո՞վ ես, ո՞վ։ Կորի՛ր աչքիցս, կո՛շտ հողի կտոր,— արհամարհոտ գոչեց Լիլիթ և բոցերի պես օդի միջով սուրաց, անհայտացավ։


Ադամ համբերությունը հատած՝ ուղղակի գնաց աստծու մոտ գանգատի։

― Տե՛ր իմ, այս ի՞նչ ընկեր տվիր ինձ,— ասաց Ադամ զսպած բարկությամբ.— քո հրամանին երբեք չանսաց[9] նա. չհնազանդեց ինձ։ Հրապուրում է ինձ, տոչորում և ապա ծարավ թողնում, հեռանում։ Այրվում եմ, երբ հեռու եմ լինում նրանից, այրվում եմ նորից, երբ մոտն եմ լինում նրա։ Չար կրակ է նա, կիզող-կրակի կտոր, տանջվում եմ, հատնում եմ ես…

Աստված հանգստացնելով Ադամին՝ ճանապարհ դրեց։ Եվ կոչեց Լիլիթին իր մոտ։ Սակայն Լիլիթ չեկավ աստծու ձայնի վրա։ Աստված սրտմտած ուղարկեց Սենոյի և Սանսենոյի հրեշտակներին, որ գտնեն բերեն իր աթոռքը անհնազանդ Լիլիթին։

Լիլիթին բերին։ Նա աչքերր խոնարհած կանգնել էր աստծու առաջ։ Արարիչը սաստեց նրան, ասելով․

— Ես ստեղծեցի Ադամին հողից և քեզ կրակից, որ իրար լրացնեք։ Պիտի սիրես և մանավանդ հնազանդ պիտի լինես նրան, քո ամուսնուն, որովհետև ես քեզ նրա համար ստեղծեցի։ Եթե չհնազանդես, գիտցիր, որ խիստ կպատժեմ․․․ Գնա հիմա Ադամի մոտ, այդպես եմ կամենում ես…


Վտակի ափին, ուռենու տակ, տխուր նստել էր Լիլիթ։ Թախծանուշ դեմքը մարգարիտի պես գունատ, ճակատը բազուկին հենած։ Եվ մազերը պճնող դրախտավարդերի պսակը թառամել էր արդեն․․․

Ադամ, որ սպասում էր նրա դարձին, եկավ նստավ նրա կողքին և, վախով բռնելով նրա ցուրտ ձեռքը, ամբողջովին գուրգուրանք դարձած՝ շշնջաց մեղմիկ․

― Լիլի՛թ, հոգո՛ւս հոգի, ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես այդպես տխուր։ Ինչո՞ւ չես ժպտում, ի՛մ գեղանուշ։

— Ա՛խ, արևափա՛յլ իմ Լիլիթ, ինչո՞ւ ես լուռ։ Մի՞թե չգիտես, որ քո սիրով եմ միայն ապրում. եթե սիրտս քամես, սերդ կծորե այնտեղից, միայն քո սերը և ուրիշ ոչինչ։ Տիեզերքի չափ սիրում եմ քեզ, տիեզերքի չափ․․․

Եվ բյուր փափագով համբուրեց Լիլիթի մազերի ծայրը և փաղաքշանքով համբուրեց մազերն ու աչքերին քսեց նրա ոսկեհուր մազերը։

Սակայն Լիլիթ լուռ էր և անտարբեր՝ անթարթ աչքերի հայացքը հեռուն ցրված։

― Լիլի՛թ, նազելիս, գնանք իմ տաղավարը, ամենահամեղ պտուղներից սեղան եմ պատրաստել։ Ծաղիկներից սքանչելի նեկտար եմ հավաքել և մեղուներից քաղցրագին մեղր։ Եվ վարդերից ննջարան եմ հարդարել քեզ համար։ Գերերջանիկ անուրջներով պիտի քնես, և ես մինչև լույս պիտի հսկեմ քո ոտների տակ։

Արշալույսից առաջ սրինգս նվագեմ պիտի, որ թռչեն գան քնքուշ սոխակներն ու դեղձանիկները, թիթեռներն ու դրախտակաքավները։ Երգեն ու պարեն և զվարճացնեն քեզ։

Սակայն Լիլիթ լուռ էր և անտարբեր։

Ադամ գրկեց նրա նուրբ մեջքը, ոտքի կանգնեցրեց, և թևերի վրա առած՝ տարավ իր տաղավարը։

Հոգնած էր Լիլիթ սրտի հուզմունքից։ Նրա վրա ազդել էր աստծու բարկացայտ հայացքը։ Եվ կամազուրկ պառկեց ծաղկահյուս ննջարանում։

Ադամ նրա գլուխը դրեց իր ծունկերին և հիացած ու հափշտակված՝ դիտում էր նրա բյուրեղային մերկությունը՝ ծիրանավառ վարդերի թերթերի վրա ընկողմանած։

Լիլիթ գոցել էր աչքերը, և՛ հեզ էր, և՛ խոնարհ, ինչպես վիթերը, որ երկնչում են ծաղիկների սոսափյունից անգամ։ Եվ գունատ էր մարգարիտի պես։

Ադամ փայփայում էր Լիլիթի մարմինը և ինքնին մրմնջում․

― Սիրելով, սիրելով սիրում եմ քո մարմինը, որովհետև չքնաղակերտ է քո մարմինը։

Եվ լուսացայտ է քո մարմինը, ավելի լուսացայտ է, քան կայծակի բռնկումը գիշերների մթության մեջ։

Եվ բոլոր անթերի շնորհների սափորն է քո մարմինը, և աննման պարտեզն է քո մարմինը, բոլոր սարսուռների և տենչերի հրեղեն։

Բայց մանավանդ բուրումնավետ է քո մարմինը, քան Եդեմի այծյամների մուշկը․ բուրումնավետ է ու երազաբեր, քան հասմիկներն ու հակինթները բոլոր, նարգիզներն ու նարդոսները[10] բոլոր, քան նրանց բոլոր անուշաբուրումները, որ խնկում են և անուրջների մեջ սուզում դրախտի արահետները։

Եվ նորից ավելի բուրումնավետ է քո կուրծքը, քան երկնացող բրաբիոնները[11] և քան բալասանն ու ստաշխը[12], որ ծորում են դրախտի ծառերից՝ օծելու համար աստծու քայլափոխները։

Եվ կրակոտ շրթներով համբուրում էր Ադամ Լիլիթի մարմինը և հոտոտում էր նրա կողերի անուշաբույր թարմությունը, որ ավելի թարմ էր, քան ստեղծման օրվա անդրանիկ ցողը՝ սեզերի[13] և սաղարթների վրա։

Եվ հրաբորբոք մատներով շոյում էր Ադամ Լիլիթի ստինքները և հոգու սրտով խոսում էր․

— Սիրելով, սիրելով սիրում եմ քո ստինքները, հրեշտակներից գերազա՛նց Լիլիթ։ Քո ստինքները երկու լուսաբույր փունջեր են՝ շահպրակների[14] և շահոքրամների[14] լուսաբույր փունջեր՝ կնքված կույս վարդերի զույգ կոկոններով. երկու ցնորական֊խենթացուցիչ փունջեր, որ հարբեցնում են հոգիս և հոգիս մարմնիցս բաժանում․․․

Եվ համբուրեց Ադամ Լիլիթի ստինքները և սարսռուն շրթներով համբուրեց կնիքները ստինքների։

Լիլիթ գոցել էր աչքերը, անտարբեր էր և անուշադիր և չէր լսում Ադամի ձայնը։

— Լիլի՛թ, աստվածայի՛ն Լիլիթ, թույլ տուր համբուրեմ քո շրթները։ Քո շրթների միայն մի անհուն համբույրով ես ողջ դրախտը վայելած կլինեմ։ Լիաճոխ ճաշակած կլինեմ ողջ տիեզերքի հավերժությունն ու անեզրությունը քո շրթների՝ անանուն, անգին, աննման համբույրովը միմիակ․․․

Ադամ մոռացել էր ինքն իրեն, և ոչինչ բան գոյություն չուներ այլևս իրեն համար։ Եվ կային Լիլիթի շրթները միայն, որ համբուրում էր Ադամ, համբուրելով անհագ ու անդուլ. ծծելով, ծծելով Լիլիթի քաղցրությունը բոլոր, էությունր ողջ՝ չէր հագենում Ադամ, և սպառվում էր Ադամի հոգին՝ համբույրների անհունի մեջ հատնելով․․․

Եվ հանկարծ թափով գալարվեց Լիլիթ՝ ազատելով իրեն Ադամին հյուծող, արյունոտող համբույրներից. ցատկեց և թռավ տաղավարից դուրս և անհայտացավ գիշերային դրախտի բավիղների մեջ։


Ադամ ընկել էր ուշաթափ մինչև լույս։

Երբ ուշքի եկավ, հիշեց, որ Լիլիթ փախավ գիշերվա մթին։

Սրտաբեկ ոտքի կանգնեց։

Փորձեց նորից գտնել Լիլիթին, մի անգամ էլ աղերսելու, որ իրեն չլքե։

Ցավալլուկ[15] և պաղատագին կոչեց Լիլիթի քաղցր անունը և լսեց միայն իր ձայնի ունայն արձագանքը։

Ամենուրեք որոնեց նրան լճափներում և աղբյուրների շուրջը, պուրակներում և այրերի մեջ։ Եվ ո՛չ մի տեղ չգտավ, չգտավ Լիլիթի հետքը։

Երկար պահերով դեգերում էր Լիլիթի անցած արահետներով՝ կարոտագին համբուրելով սեզերն ու հողերը, ուր դիպել էին Լիլիթի քայլերը։

Երկար պահերով նստում էր Լիլիթի ապրած վայրերում և աչքերը գոցում էր՝ Լիլիթին տեսնելու համար։

Եվ իր տեսիլների մեջ Լիլիթն ավելի ցանկալի էր ներկայանում, ավելի ցանկալի և աննվաճ փափագելի։

Եվ տեսիլների միջից սթափվում էր Ադամ սրտի կսկիծով․ և խենթի պես վազում էր ու վազում․․․

Արդեն հասել էր դրախտի սահմաններին, որտեղից այն կողմ ծավալվում էր ամայի և խոպան երկիրը։

Հոգնած էր շատ։ Նստեց հանգստանալու։

Եվ գլուխն առած ափերի մեջ՝ ողբում էր իր տառապալից վիճակը և խորհում էր այրող հուշերով Լիլիթի անմոռաց և խուսափուն հրապույրների մասին, երբ, ինչպես թե երազի միջից, լսեց Լիլիթի ուրախ լուսածիծաղը, որ գարնան ողջույնի պես թունդ հանեց նրա սիրտը։

Աչքերը հույսով դարձրեց ծիծաղի կողմը․․․ Եվ տեսավ մի ահավոր պատկեր, որ սև շանթի պես խավարեցնելով ու կիզելով՝ անցավ իր հոգու խորքով։

Տատասկոտ և մռայլ երկրի կողմից, դրախտի ցանկապատի վրա տեսավ նա սատանայի գլուխը սևափայլ աչքերով՝ չար ու նենգ։

Տեսավ սատանայի պարանոցից կախ ընկած Լիլիթին՝ տարփաբույր[16] մեկոններով[17] վարսերը պսակված։

Եվ անհուն ցանկությամբ համբուրում էր Լիլիթ սատանայի շրթները։ Եվ ծիծաղում էին միասին գոհ ու երջանիկ։

Ադամ նախանձից խելագար՝ մռնչաց կատաղի․

― Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ, այդ դո՞ւ ես․․․

Լսեց սակայն հաղթական սատանայի ահեղ քրքիջը, որ ամպի պես որոտալից ճայթեց իր գլխին։

Եվ տեսավ նույնպես, որ սատանան գրկած Լիլիթին՝ մխրճվեց երկրի մեջ…

Եվ կուրացան Ադամի աչքերը, և այլևս ոչինչ չտեսան…


Խենթացած թափառում էր Ադամ, առանց դադարի, դրախտի մեկուսի վայրերը։

Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգերը ձանձրացնում էին նրան։

«Լիլի՛թ, Լիլի՛թ, ա՛խ, Լիլի՛թ»,― հառաչով ու լալով կոչում էր նա, և հառաչելով անցնում էր նրա լացը ծառերի տերևների միջով, կիզելով ծառերի տերևները։

Գիշերները խռովահույզ երազների մեջ տեսնում էր շարունակ դավաճան Լիլիթին՝ միշտ սատանայի գրկում։

Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն՝ մահ էր տենչում։

Եվ աստծուն լսելի եղան Ադամի հառաչանքները. կարեկցեց նրան, և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին։

Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել մանավանդ։

Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։

Եվան մոտեցավ Ադամին, գլուխը դրեց նրա ուսին և մեղմիկ ժպտաց՝ նվիրված աչքերով նայելով Ադամի տխուր, երազուն աչքերին։

Սակայն Ադամ՝ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։

Երբ բարի Եվան գգվում էր Ադամին և իր սև մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։

Երբ փոթորիկ էր լինում և մրրիկ, նա տեսնում էր Լիլիթին իր մոտով շեշտակի անցնելիս, և երբ կայծակն էր ճեղքում երկինքը ― Լիլիթի հրեղեն սերն էր այդ, որ ճեղքում էր Ադամի հոգին։

Երբ գոցում էր բիբերը՝ իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերին ― աստղերի մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը և անհուն արևի մեջ― ամբողջ Լիլիթին…

«Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։

Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…

Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…


Վենետիկ, 1921

  1. հիազարհուր — հիացած և զարմացած
  2. դարաստան — լեռնավայր
  3. երփնավառ — բազմազան պայծառ գույներով
  4. հոգեհմա — հոգին հմայող, թովող
  5. գեղոն — գեղգեղանք
  6. բարձրուղեշ — ուղեշները (ճյուղերը) բարձր
  7. ցարասի — ծառատեսակ, կեչի
  8. սեթևեթ — պճնված, չափից դուրս զարդարված, աչք ծակող զարդարանքներով
  9. չանսալ - չլսել, չհպատակվել, չհնազանդվել
  10. նարդոս — եթերայուղատու թփաբույս
  11. բրաբիոն — ծաղկի տեսակ
  12. ստաշխ — արևադարձային մի քանի բույսերից ստացվող անուշահոտ նյութ
  13. սեզ — կարճ խոտաբույս
  14. 14,0 14,1 շահպրակ, շահոքրամ — խավածաղկավորների ընտանիքին պատկանող ծաղկաբույսեր
  15. ցավալլուկ — ցավից լլկված՝ տանջված, տառապած
  16. տարփաբույր — սիրատենչ
  17. մեկոն — խաշխաշ բույսը